Թաղապետարանի՝ ազատման դիմում գրած աշխատակիցը պնդում է, որ Մարությանի դեմ ստատուսներ «լայքելու» պատճառով քիչ է պարգևատրվել, վարչական շրջանից հակադարձում են՝ զրպարտություն է

19:35 • 01.08.19

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի ավագ մասնագետ Բաբկեն Մկրտչյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել հուլիսի 30-ին: Նա Tert.am-ի հետ զրույցում դիմում ներկայացնելը պարզաբանեց նրանով, որ ինքը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ գրած ստատուսները հավանելու համար քիչ պարգևավճար է ստացել:

«Երբ ստանում ենք պարգևավճարներ, չափը իրենք են որոշում, թե ում ինչքան պետք է տան: Ես, որ 8 տարվա աշխատող եմ, ու իրենք միշտ ասել են՝ դու ամենալավ աշխատողն ես, դու շատ լավ ես աշխատում, մենք շատ գոհ ենք քո աշխատանքից, պարգևավճարներ ստանալու ժամանակը երբ եկավ, ինձ տվեցին 50 տոկոս պարգևավճար, բայց այն մարդիկ, որ նոր են աշխատում, այսինքն՝ իրենց թիմակիցն են, իրենց հետ «քայլել են», այդ մարդիկ ստացան 150 տոկոս պարգևավճար»,- ասաց Մկրտչյանը:

Մկրտչյանը նշեց, որ հետաքրքրվել է, թե ինչու են իրեն քիչ պարգևավճար տվել: «Նրանք պարզաբանում են, որ ես քաղաքապետի դեմ նյութեր եմ «լայքում»: Ասացին՝ քաղաքապետի դեմ նյութեր են գցում, ինչո՞ւ ես «լայքում»: Ինձ ասում են՝ օրինակ, ինչպե՞ս կլինի՝ նավապետի նավով գնում ես և նավապետին հայհոյո՞ւմ ես: Ես էլ իրենց ասում եմ՝ թող նավապետն իրեն նորմալ դրսևորի, չհայհոյեն: Իրենց ասած նավապետն էլ քաղաքապետն է: Դրա հետ մեկտեղ, ես էլ ասում եմ՝ դե եթե այդպես է, եթե դուք իմ աշխատանքը չեք գնահատում, ես էլ ձեզ հետ չեմ ուզում աշխատել: Ինձ ասացին՝ երկար մտածի, մենք չենք ուզում, որ դուրս գաս: Բնութագիրս էլ կա, բնութագիրն էլ իրենք են ինձ տվել, որն ուղարկել եմ նաև քաղաքապետարան: Եթե այդպիսի բնութագրով մարդուն դու տալիս ես 50 % պարգևավճար, այդ մարդը պետք է ամենաքիչն անինքնասեր լինի, որ նման մարդկանց հետ աշխատի»,- մեկնաբանեց նա:

Նա հայտարարեց, որ ազատման դիմում է գրել հուլիսի 30-ին, ասել է՝ չի ուզում իրենց հետ աշխատել: «Ասել եմ՝ եթե իմ աշխատանքը չի գնահատվում, ես ինչո՞ւ մնամ ձեզ հետ աշխատեմ»,- նշեց Բաբկեն Մկրտչյանը:

Հարցին՝ ինչ գրառումներ է հավանել քաղաքապետի դեմ, Բաբկեն Մկրտչյանն ասաց. «Սկսենք Երևան քաղաքի աղբի վիճակից, Երևանում այսօր կանաչը դեղնել է, այս սեզոնին ե՞րբ էր կանաչը դեղնում. ոռոգում չկա, ամբողջ փողոցները աղբի մեջ կորած են, դրա համար էլ ես «լայքել եմ», դրա համար ինձ պարգևավճարից զրկել են»,- ասաց նա:

Բաբկեն Մկրտչյանի շուրջ ստեղծված խնդրի վերաբերյալ Tert.am-ը զրուցեց նաև Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ: Նա Մկրտչյանի՝ աշխատանքից ազատման դիմում գրելու պատճառները ծիծաղելի համարեց:

«Եթե մարդու մասնագիտական կարողությունները ներում են, ոչինչ չի կարող մարդուն խանգարել աշխատել քաղաքապետարանում կամ վարչական շրջաններում: Ես չգիտեմ՝ ինքն ինչ է ասում, ազատման հանգամանքները: Ես գիտեմ, որ ինքը ատեստացիայից մի քանի օր առաջ դիմում է գրել, ազատվել է: Իսկ ինչ-որ կուսակցական պատկանելիության համար պառակտում և այլն չկա: Հակառակը՝ կարող ենք տեսնել, որ քաղաքապետարանի համակարգում շատ ավելի մեծ տոկոս են կազմում նախկինում աշխատած մարդիկ, մասնագետները, որոնք նաև շատ դեպքերում տարբեր կուսակցությունների, այդ թվում՝ նախկին կառավարող կուսակցության անդամ են, և մինչև հիմա էլ նույնիսկ ակտիվ անդամներ են»,- ասաց նա:

Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար Սահակ Ասատրյանն էլ Tert.am-ի հետ զրույցում Բաբկեն Մկրտչյանի հայտարարությունը, թե իրեն քիչ են պարգևավճար տվել, քանի որ նա Հայկ Մարությանի դեմ գրված ստատուսներն է հավանել, զրպարտություն որակեց:

«Սա առաջին դեպքը չէ, Բաբկեն Մկրտչյանը նմանատիպ զրպարտություններով էլի է հանդես եկել: Ես բացառում եմ նման գործողություններ մեր կողմից, որովհետև ոչ մի աշխատակցի վերաբերյալ մենք նման կողմնորոշում չունենք: Նաև հարկ եմ համարում նշել, որ ոչ միայն Բաբկենն է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, այլ մեր աշխատակազմի գրեթե 80 տոկոսը, ու մենք ոչ ոքի հետ չունենք նման խնդիր. այսինքն՝ կուսակցության պատկանելիություն, քաղաքական հայացքների համար խտրականություն մեզ մոտ չկա, բացառվում է»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է պարգևավճարներին, Սահակ Ասատրյանն ասաց, որ դրանց չափը բացառապես որոշում է վարչական շրջանի ղեկավարը՝ գնահատելով կատարված աշխատանքները: «Այսինքն՝ պարգևավճարների որոշումը կայացվում է՝ կատարված աշխատանքի ծավալներից ելնելով: Բաբկեն Մկրտչյանը ստացել է աշխատավարձի 50 տոկոսի չափով պարգևավճար, նա միակ մարդը չէ, որ այդքան է ստացել: Ունենք աշխատակիցներ, որոնք ստացել են 0 տոկոս պարգևավճար, ունենք, որ ստացել են 30, 70 տոկոս»,- ասաց նա և հավելեց.

«Չեմ հասկանում այս բողոքների պատճառը, որովհետև նախկինում նա երբեք չի ստացել խրախուսում, նաև երբեք բողոքով հանդես չի եկել: Ես շատ լավ պատկերացնում եմ, թե ինչու է այս «քաղաքական խաղը» տեղի ունենում»:

Ինչ վերաբերում է Մկրտչյանի այն հարցադրմանը, որ եթե իրեն լավ բնութագիր են տվել, ապա ինչո՞ւ են քիչ պարգևավճար տվել, Ասատրյանն ասաց. «Դա ընդամենը բնութագիր է, այսինքն՝ կատարված աշխատանքների համար բնութագրվում է աշխատակիցը, այդտեղ աշխատակցի կատարված աշխատանքի ծավալների մասին խոսք չկա»:

Սահակ Ասատրյանն անդրադարձավ նաև նախկինում Մկրտչյանի կողմից հնչեցված հայտարարություններին:

«Նա բաց նամակ էր գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե իրեն ուզում ենք աշխատանքից ազատել, քանի որ ՀՀԿ-ական է, ինչը նույնպես ամբողջությամբ զրպարտություն էր: Մենք հերքում էինք տարածել, որ նման բան չկա: Իսկ իրականությունն այն է, որ Բաբկեն Մկրտչյանը փողոցային առևտուր կատարող մարդկանց փողոցում տեսել էր և ոչ պարկեշտ էր պահել իրեն, ինչի համար էլ ստացել էր դիտողություն մեր կողմից, որ չի կարելի քաղաքացիների հետ այդպես խոսել և եթե այդ տեմպով պետք է աշխատես, ավելի լավ է գնա տուն»,- պատմեց Ասատրյանը և ասաց, որ Մկրտչյանը դա վերագրել էր նրան, որ ինքը ՀՀԿ-ական է, դրա համար ուզում են ազատել աշխատանքից. «Ուզում եմ ասել, որ սա առաջին դեպքը չէ, որ նա զրպարտություններով է զբաղվում»:

Բացի այդ նա նշեց, որ երեկ հերթական ատեստացիան է եղել, երբ համայնքային ծառայողները երեք տարին մեկ պարտադիր ատեստացիա են անցնում: «Հետաքրքիրն այն է, որ ատեստացիայից ընդամենը մեկ օր առաջ է նա ազատման դիմում գրել՝ մտածելով որ հանձնաժողովի անդամներն իրեն կտրելու են: Ուզում եմ նշեմ, որ հենց երեկ տեղի է ունեցել ատեստացիան, որի հանձնաժողովի անդամ եմ եղել նաև ես: Մեզ մոտից ներկայացվել են 14 հոգի ատեստավորման ենթակա անձիք՝ 100 տոկոսանոց ցուցանիշներ են ցուցաբերել: Այստեղ հարկ եմ համարում նշել, որ ներկայացվածների 94 տոկոսը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ են: Այսինքն՝ մենք գնահատում ենք մարդու պրոֆեսիոնալիզմը»,- եզրափակեց նա:

Բաբկեն Մկրտչյանը, անդրադառնալով Սահակ Ասատրյանի հայտարարություններին, թե ինքը զրպարտում է, ասաց. «Թաղապետն ու իր թիմն են, որ ինչ եկել են, առաջին օրից զբաղված են զրպարտելով»:

Ինչ վերաբերում է ատեստացիայից մեկ օր առաջ ազատման դիմում գրելուն, նա նշեց. «Ես առաջին կարգի մասնագետից, երեք անգամ քննություն տալով, հասել եմ գլխավոր մասնագետի, այնպես որ՝ չեմ վախեցել ատեստացիայից»:

Tert.am-ի հետ զրույցում նա վերահաստատեց, որ իր իրեն քիչ են պարգևավճար տվել, քանի որ նրանց թիմակիցը չէ: